Ամստերդամի ազատ համալսարանի (Vrije Universiteit Amsterdam) գիտնականների թիմը հրապարակել է Immunoplast կոչվող հետազոտական նախագծի արդյունքները՝ ապացուցելով, որ միկրոպլաստիկը շրջակա միջավայրից անցում է կատարում մարդկանց օրգանիզմ։
Պլաստիկ թափոնները ջրի, քամու, ուլտրամանուշակագույն ճառագայթման և այլ բնական գործընթացների ազդեցությունից բաժանվում են շատ մանր մասերի՝ այսպես կոչված, միկրոպլաստիկի, որը կարող է կլանվել կենդանի օրգանիզմների կողմից: Այսպես, օրինակ՝ ձկների մոտ միկրոպլաստիկը առաջացնում է անոթային հիվանդություններ, խեցգետնանմանների մոտ՝ վնասում ուղեղը, իսկ մկների վրա կատարված փորձերը հիմք են տալիս ենթադրելու, որ միկրոպլաստիկը հրահրում է արյան մեջ խոլեստերինի ավելացում ու սրտի հիվանդություններ։
Բնության համար պլաստիկի հետևանքով առաջացող աղետալի հետևանքների մասին բազմիցս է խոսվել, այժմ կարելի է վստահ նշել, որ այդ հետևանքներն անմիջական ազդեցություն ունեն նաև մարդու օրգանիզմի վրա։
Հետազոտողները 22 առողջ մարդկանց արյան նմուշներում ստուգել են հինգ ամենատարածված պոլիմերների (պոլիէթիլեն, պոլիէթիլենային տերեֆտալատ, պոլիպրոպիլեն, ստիրոլ և պոլիմեթիլմետակրիլատ) առկայությունը, և առկայության դեպքում դրանց աստիճանը։
Նմուշների 3/4-ում հայտնաբերել են միկրոպլաստիկ։ Արյան մեջ պլաստիկ մասնիկների միջին խտությունը կազմել է 1,6 մկգ/մլ, ինչը համեմատելի է 1000 լիտրի մեջ մեկ թեյի գդալ պլաստիկի հետ։ Առավել տարածված պոլիմերներն են պոլիէթիլենային տերեֆտալատը (PET), պոլիէթիլենը և ստիրոլը։ Արյան մեջ միկրոպլաստիկի ներթափանցումը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունենում լորձաթաղանթի միջոցով՝ կուլ տալու կամ շնչելու ժամանակ:
Այժմ, երբ ապացուցվել է, որ մարդկանց արյան մեջ պլաստիկ կա, այլ հարցեր են առաջանում․ որքա՞ն հեշտությամբ են այդ մասնիկները արյան հոսքից տեղափոխվում հյուսվածքներ և ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ բջիջների, հյուսվածքների և օրգանների աշխատանքի վրա։
Հետազոտությունը հրապարակվել է Environment International գիտական ամսագրում:
Հրապարակման պատրաստեց ita.am-ը