Շատերին թվում է, թե ամռանը նիհարելն ավելի հեշտ է, քան ձմռանը, բայց իրականում այդպես չէ։ Ճիշտ է, ձմռանը մենք սովորաբար ավելի քիչ ենք շարժվում, քիչ ենք զբոսնում, բայց եթե մեր սննդակարգն ու ֆիզիկական ծանրաբեռնվածության չափը նույնատեսակ լինի ամբողջ տարին, ձմռանն ավելի դյուրին կնիհարենք, քան ամռանը։
Դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը բացատրում է. պատճառն այն է, որ ցածր ջերմաստիճանն օրգանիզմին օգնում է այրել կալորիաներ. երբ մարդը մրսում է, օրգանիզմը ստիպված է լինում էներգիա ծախսել՝ տաքանալու համար։ Իսկ ամռանը տաքանալու կարիք չկա, այդ պատճառով օրգանիզմն ավելի քիչ էներգիա է ծախսում, քան ձմռանը։ Դրա համար խորհուրդ է տրվում նվազեցնել սննդակարգի կալորիականությունը (շատերն այսպես թե այնպես դա անում են, քանի որ շոգին ուտելու ախորժակ չեն ունենում). եթե ամռանը նույնքան ուտեք, որքան ձմռանը, և նույնքան շարժվեք, կարող եք ոչ միայն չնիհարել, այլև քաշ հավաքել։
Ոմանց թվում է, թե կարելի է հեշտությամբ նիհարել, եթե ամառային սննդակարգը բաղկացած լինի հիմնականում մրգերից։ Մրգերը, իհարկե, շատ օգտակար են, բայց նիհարելու համար դրանք այնքան էլ հարմար չեն, վստահեցնում է դիետոլոգը։ Բանն այն է, որ ֆրուկտոզան, որը պարունակվում է մրգերում, օրգանիզմում վերածվում է գլյուկոզայի, ինչպես և ցանկացած շաքար, և հանգեցնում ինսուլինի մակարդակի բարձրացմանը։ Եթե մարդը տառապում է դիաբետով, մրգերը պետք է լինեն նրա սննդակարգի մասը, բայց դրանք չարաշահել ու դրանց օգնությամբ նիհարելու հույսեր փայփայել չարժե։
Կա ևս մեկ տարածված առասպել ամռանը նիհարելու մասին. ոմանց թվում է, որ քրտնելիս նաև նիհարում են։ Իրականում քրտինքի հետ օրգանիզմից դուրս են գալիս ջուրն ու հանքանյութերը, բայց ոչ ճարպը։ Եթե լավ քրտնեք, իսկապես ավելի քիչ կկշռեք, բայց միայն այն պատճառով, որ օրգանիզմը զրկվում է ջրից և, հնարավոր է, ջրազրկվում է։ Եթե ջուր խմեք, քաշը կվերականգնվի։
Եթե ուզում եք իսկապես նիհարել, անհրաժեշտ է, որ օրգանիզմն ավելի քիչ կալորիաներ ստանա, քան ծախսում է։ Այդ դեպքում չբավականացնող էներգիան ստանալու համար նա կսկսի այրել կուտակված ճարպերը և կսկսեք նիհարել։